Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Լրագրողական համայնքն իր երկրի լավ քաղաքացիներից է կազմված, սրտացավ մտավորականներից, այս իշխանության կործանարար քաղաքականության հետևանքները հստակ տեսնող հայ մարդկանցից

Լրագրողական համայնքն իր երկրի լավ քաղաքացիներից է կազմված, սրտացավ մտավորականներից, այս իշխանության կործանարար քաղաքականության հետևանքները հստակ տեսնող հայ մարդկանցից
22.12.2025 | 10:40

Զվարճալի գործ է այս իշխանության գլխավոր պրոպագանդիստների` լրատվամիջոցների ու խմբագիրների դեմ արած գրառումները կարդալը: Աշխարհի ամենախայտառակ ձախողված իշխանությունը, որն իր բոլոր խոստումները դրժել է, հայապատկան հողերի մեկ երրորդը կորցրել, բնակչության քանակը հիմնովին նվազեցրել, իսկ պետական պարտքը` հիմնովին ավելացրել...խոսում է լրատվամիջոցների «խայտառակվելուց», «ընկնելուց»... մարդ չգիտի` լա, թե խնդա...

Մի կողմ թողնենք էն տիեզերական երախտամոռությունը, որը բնորոշ է էս թիմին: Իրենց քարկոծած «Ազատությունը», «Հրապարակը», «Առավոտը», մյուս լրատվամիջոցները եթե չլինեին, իրենք ոչ մի շանս չունեին իշխանության գալու: Մեդիան է տարիներ շարունակ լուսաբանել, հանրությանը հայտնի դարձրել իրենցից յուրաքանչյուրին, իրենց ամեն խոսքն ու քայլը հասանելի դարձրել: Ու իրենք դա շատ լավ հասկանում էին 18-ից առաջ, երբ լրագրողներին ու խմբագիրներին պաշտում էին, երազում արժանանալ մեր ուշադրությանը, մի բաժակ սուրճ խմել մեզ հետ...Հիմա այդ մեդիան ու խմբագիրները, որոնք շարունակում են նույն նվիրումով իրենց գործն անել, պարզվեց` լավը չեն, որովհետև խանգարում են պետությունն ապամոնտաժելու իրենց ծրագրերին, որովհետև հանրության մյուս հատվածներից շուտ են հասկացել, թե իրենք ինչ աղետ են բերում մեր ժողովրդի գլխին:

Իմ գործընկեր Արամ Աբրահամյանը` իրեն բնորոշ մեղմությամբ, անցած օրն ինձ դիտողություն էր անում, թե ինչի ես բացատրություններ տալիս ինչ որ մարդկանց...Համաձայն եմ, ՔՊ վերնախավ կոչվածն արժանի չէ և ունակ էլ չի ընկալելու որևէ փաստարկ` նրանք արդեն հատել են ադեկվատ միտք ընկալելու անդառնալիության կետը: Բայց ես հույսս չեմ կորցնում, որ դրանց լսողների ու հավատացողների մեջ դեռ կան մարդիկ, ում ականջները վերջնականապես փակ չեն, ուղեղը չորացած չէ, մարդկային որակները կորսված չեն...և գրում եմ նրանց համար:

Հարգելիներս, դուք երևի նկատել եք, որ լրագրողների ու խմբագիրների մի մեծ խումբ ոչ միայն իր ամենօրյա գործն է անում, այլև բավականին ակտիվ է սոցցանցերում և, ըստ էության, դարձել է հայապահպանության համար պայքարի առաջամարտիկ: Ինչ որ չափով հեռացել է դասական լրագրության կանոններից և իր վրա վերցրել աղետը կասեցնելու, մեր պետության կործանումը կանխելու գործը, որովհետև երբ չունենանք պետություն, մնացած ամեն ինչ կդառնա անիմաստ` լրատվություն, դիտումներ, էթիկա, բիզնես...

Մենք, իհարկե, կատարյալ չենք, բայց լրագրողական համայնքն իր երկրի լավ քաղաքացիներից է կազմված, սրտացավ մտավորականներից, այս իշխանության կործանարար քաղաքականության հետևանքները հստակ տեսնող հայ մարդկանցից, որոնք կոչնակ են հնչեցնում...

Եվ հիմա բոլորովին կարևոր չէ, թե մեր լրատվամիջոցների հրապարակումների որ մասն եք դուք հավանում, որ մասը` ոչ: Դուք լրատվամիջոցների գործունեությանն ու իրականացրած ահռելի աշխատանքին նայեք ամբողջության մեջ` հանրային պայքարին նպաստելու, իշխանավորների ապիկարության ու դավաճանության դեմ դիմակայության պրոցես գեներացնելու պրիզմայով: Մանր- մունր վրիպումներն անտեսեք, լրագրողական համայնքի միասնականությունն ու ահռելի աշխատանքը գնահատեք...ու մի լսեք ապիկարների խմբակի տգետ լուտանքներն` ուղղված լրագրողներին...

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 214

Մեկնաբանություններ